hy | en | fr | ru

Սիրիահայեր. վերադարձ, որ չէին նախատեսել



 

Yerevan, Armenia  «Աշխատանքի կողմէն որ լաւ եղաւ, մենք նոյնիսկ չենք մտածեր դառնալ Սուրիայ, որով Սուրիան պատերազմէն վերջ առաջուան Սուրիան դժուար դառնայ: Իր ապահովութիւնը, իր ամբողջ լաւ կէտերը ինքը կորսնցուց: Ամէնէն կարեւոր բանը, որ մենք Սուրիայի մէջ ունեինք, ապահովութիւնն էր: Ադ ապահովությունը չեմ կարծեր՝ ետ դառնայ»: 2013թ. հունվարին Հայաստան եկած Մարիա Բասմաճյանի համոզմամբ՝ Սիրիայում արդեն «անաստված, անվախ» ծայրահեղականներն են, որոնք նման չեն իրենց նախկին մուսուլման հարևաններին:

Պետրոս Քիրազյանը՝ արևելյան համեմունքների իր խանութում Narek Aleksanyan

2011թ. սկիզբ առած քաղաքացիական պատերազմի պատճառով Սիրիայից հեռացած մյուս մարդկանցից սիրիահայերը տարբերվում են նրանով, որ Հայաստան գալով՝ իրենց փախստական չեն համարում: Նրանց մեծ մասի նախնիներն այս տարածաշրջանից են գաղթել 100 տարի առաջ՝ Ցեղասպանության հետևանքով լքելով ներկայիս Թուրքիայի տարածքը: Մինչև 2011թ. Սիրիայում ապրում էր շուրջ 80 հազ. հաց, որոնց մեծ մասը՝ մոտ 60 հազ-ը, Հալեպ քաղաքում: Սփյուռքի նախարարության տվյալներով՝ այժմ Հայաստանում է 12 հազ-ից ավելի սիրիահայ:

37-ամյա Մարիան Հայաստան է եկել ամուսնու և երկու զավակների հետ: Պատմում է, որ Հայաստան գալ չէին նախատեսել և մեկ ամսով քրոջ մոտ՝ Դուբայ էին գնացել. «Ըսինք՝ գոնէ մէկ ամիսով դուրս գանք, մենք մեզի մոռանանք»: Սակայն Հալեպ վերադառնալուց օրեր առաջ իմացել էին, որ օդանավակայանը փակ է: Այժմ երկու ամիս է՝ հարազատներից լուր չունեն, քանի որ Հալեպում ինտերնետ, հեռախոսային կապ չկա. «Միայն կը լսենք, որ լաւ են»:

Սիրիայում բնակված ու աշխատած հայերի կենսակերպը շատ բաներով էր տարբերվում նրանից, ինչին իրենք հանդիպեցին Հայաստանում: «Մեզ մոտ ընտանիքի մի անդամը՝ հայրը, կաշխատեր. 6-7 անդամով ընտանիքը շատ հանգիստ կապրեին, մի քիչ էլ փող կդիզեին»,- պատմում է Լենա Հալաճյանը, որը 2012թ. Հայաստան գալուց հետո հիմնել է «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ն:

Հայաստան տեղափոխվածներից շատերը, ըստ նրա, երկար ժամանակ ապրեցին այդ խնայողությունների հաշվին և աշխատանք չփնտրեցին, քանի որ հույս ունեին վերադառնալ Սիրիա, ծանոթ չէին Հայաստանին, աշխատավարձն էլ Սիրիայում վաստակածից քիչ էր: «Վերջը տեսան, որ աս երկիրը աս է, աշխատավարձն ալ աս է, եթէ չաշխատին, ադ ալ չպիտի ստանան, ու հիմա բաւական մեծ թիւով կաշխատին, փառք Աստծոյ»,- ասում է Հալաճյանը՝ առանձնացնելով հիմնական ոլորտները, որտեղ սիրիահայերն աշխատում են՝ ոսկերչություն, սպասարկման ոլորտ, տաքսի ծառայություններ, ավտոմեքենաների վերանորոգում, ինչպես նաև ուտեստների պատրաստում ու վաճառք:

Երբ յոթ ամիս առաջ Պետրոս Քիրազյանը վարձեց մետրոյի Հրապարակի կայարանի անցումի տաղավարներից մեկը, այնտեղ ընդամենը 4-5 տաղավար կար: Ամիսների ընթացքում սիրիահայ նոր ձեռնարկատերեր եկան, և տարածքը պայմանականորեն անվանեցին «Հալէպի շուկա»: Այս անցումից Երևանի բնակիչները հաճախ չեն օգտվում: Պետրոսը, որը Սիրիայից, Լիբանանից ու Դուբայից բերված համեմունք ու սիրիական օճառ է վաճառում, ասում է, որ իրենց գլխավոր մտահոգությունը գովազդն է՝ շուկայի գոյության մասին մարդկանց տեղեկացնելը:

«Աստեղ տեղացին ալ լաւ չապրիր-կոր: Պետութիւնը տեղացիին արդէն չի կրնար օգնել, մեզի ինչպէ՞ս պիտ օգնէ: Նորէն ալ մեր հայրենիքն է, մենք պիտի զօրացնենք: Եթէ մէկ ձեռք ըլլանք, կրնանք ամէն ինչ ընել, տեղացին եւ սիրիացին»,- կարծում է Պետրոսը:

Հարևանությամբ աշխատող Ներսես Արոյանը, սակայն, իշխանություններին առաջարկում է մեկ տարի իրենցից հարկ չառնել կամ վարձերի կեսը վերցնել, «որ կրնանք ոտքի ելլել»: Նա 9 ամիս առաջ Հայաստան է եկել կնոջ ու մեկամյա երեխայի հետ, իսկ երկու ամիս առաջ վարձել է տաղավարը, որտեղ լամպեր ու ալեհավաքների պահեստամասեր է վաճառում: Մի քանի քառակուսի մետրի համար վճարում է 40 հազ. դրամ ($80), հարկային վճարներն ու կոմունալ ծախսերը հաշվում է 50 հազ. ($100), իսկ բնակվարձը՝ 100 հազ. դրամ ($200):

Ալին Տերտերյանը և Ներսես Արոյանը Hrant Galstyan

Ինչպես շատերը, Ներսեսի ընտանիքն էլ մի քանի ամիս ստացել է բնակվարձի փոխհատուցում՝ 60 հազ. դրամի ($125) չափով: Ներսեսը, սակայն, կարծում է, որ արտասահմանից սիրիահայերի համար ուղարկվող գումարն ամբողջությամբ չի հասնում իրենց. «Եկած դրամը, որ մեզի կուգա-կոր, դուրսէն է, ադ ալ լման չի հասնիր-կոր մեզի: Ո՞ւր է ադ դրամը, մենք այդ դրամին քառորդին քառորդը չենք տեսներ-կոր»:

«Հալէպի շուկայում» արագ սննդի վաճառք սկսած Վահրամ Տեր-Օհանյանն էլ հիշում է, որ երբ ցանկացել է իր տաղավարի դիմաց 2 սեղան դնել, ամսական 60 հազ. դրամ ($125) վարձից բացի 30 հազ. ($60) են պահանջել: «Սիրիայ ալ աս բաները կան, բայց ոչ թե ամէն ամիս 30 հազար, տարին մէկ անգամ 30 հազ.: Հիմա կթանկացնեն հոսանքը, ինչի՞ պիտ հասնինք. տունին վարձ, խանութին վարձ, ո՞ր մէկին: Տարին մէկ անգամ ըրեք, 6 ամիս մէկ անգամ ըրեք, միշդ փող, փող, փող»,- ասում է Վահրամը, որի 39-ամյա կինը ևս չի կարողանում գործ գտնել, քանի որ հայաստանցի գործատուների մեծ մասը աշխատանք է առաջարկում մինչև 30 տարեկան կանանց՝ սիրիահայ, թե տեղացի:

Վահրամ Տեր-Օհանյան. «Արաբները՝ ո՛չ, մոռցիր այլևս» Narek Aleksanyan

Հայաստանում կոշիկներ արտադրող Գևորգ Սաֆարը, որը Հալեպում էլ նույն գործն է արել, հիշում է, որ իրենց գործն սկսելու ժամանակ Սիրիայի կառավարությունը 4 տարի հարկ չգանձեց, որպեսզի գործը կայանա: Իսկ այստեղ, ասում է, թեկուզ սիրիահայերին արտոնյալ պայմաններով վարկեր են տրամադրում, սակայն բազմաթիվ փաստաթղթերից զատ պահանջում են հայաստանցի երաշխավորի առկայությունը, ինչն իրենց համար հասկանալի չէ:

«Այո, աստեղ իմ հայրենիքս է, բայց երբ որ ես կտեսնեմ իմ հայրը ինձ չի նայեր, ինձի փող չի տար, ինքը իր քէֆին կերթայ, ես ադ հայրը չեմ ճանաչեր: Էդ մայրը չէ, որ ծնունդ կընէ, զաւակ կբերէ, իրական մայրը էդ զաւակը մեծցնողն է: Հա, իմ հայրենիքն է, բայց իմ հայրենիքը ինձի չի թողի, որ ես հաց ուտեմ, ուրեմն պիտի էրթամ տեղ մը, որ հաց ուտեմ, իմ ընտանիքին հաց տամ»,- ասում է Գևորգը: Որդին՝ Անդրանիկը, որը կոշիկների դիզայնով է զբաղվում, երկրի զարգացումը կապում է հարկային համակարգի փոփոխման հետ:

Գևորգ և Անդրանիկ Սաֆարները՝ իրենց արտադրած կոշիկների խանութում Narek Aleksanyan

Հայաստանում բնակվողների և Սիրիայից տեղափոխվածների հաղորդակցությունը դժվարացնող հիմնական գործոններից մեկը լեզվի տարբերության հարցն է: Արևելահայերենը պատմականորեն կրել է ռուսական ազդեցությունը, և խոսակցական լեզվում բազմաթիվ են ռուսերեն բառերը: Ռուսերենը Հայաստանում պարտադիր դասավանդվող առարկա է, մինչդեռ սիրիահայերի մեծ մասը ռուսերեն չգիտի:

23-ամյա Էլիզաբեթ Կիրակոսյանը, որն ունի հյուրանոցի մենեջերի մասնագիտացում, պատմում է, որ իր մասնագիտությամբ աշխատելու համար ռուսերենի իմացություն են պահանջում: «[Սովորելը] դժուար չէ, բայց կարեւորութիւնը շատ չեմ զգար Հայաստանի մէջ: Այսինքն բոլոր ռուսները, որ հոս կուգան, արդէն անգլերէն կխօսին,- ասում է Էլիզաբեթը, որը շատ սիրիահայ երիտասարդների նման աշխատում է սրճարանում,- ամենէ շատ կաֆեները կը վճարեն: Կրնանք ուրիշ տեղեր աշխատիլ, բայց աշխատավարձները շատ քիչ են եւ մեր տունի վարձքի եւ ապրուստին հետ համեմատ չէ»:

Էլիզաբեթի աշխատավայրում հինգ սիրիահայ և երկու հայաստանցի երիտասարդ է աշխատում: Մենեջերը՝ Տաթևիկ Մովսիսյանը, ասում է, որ իրենք կարևորում են անգլերենի իմացությունը, սիրիահայ աշխատակիցներն էլ «պատասխանատու են, աշխատասեր», թեև բարեխիղճ աշխատող լինելու դեպքում որևէ տարբերություն չեն դնում:

20-ամյա Գևորգ Սուքիասյանը՝ իր նորաբաց վարսավիրանոցում Hrant Galstyan

Նույն կարծիքին է նաև Հայաստանի հանգստյան գոտիներից մեկում՝ Դիլիջանում փաբ բացող Նունե Սարգսյանը, որը փաբում աշխատելու մասին հայտարարություն էր տեղադրել սիրիահայերի աջակցության նպատակով Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծված խմբերից մեկում: Նունեն հավելում է, որ սիրիահայերի հետ համագործակցությունը նաև սոցիալական հարց է լուծում, քանի որ, ըստ նրա, Հայաստանի մարզերում աշխատողների բնակության վարձը (մինչև 50 հազ. դրամի ($100) չափով) հոգում են զբաղվածության կենտրոնները: Հետևաբար՝ նրանք կարող են աշխատանք ունենալ և չմտածել բնակարանի վարձի մասին:

Ի դեպ, երևանյան սրճարաններից մեկի մենեջերը, որը չցանկացավ ներկայանալ, ասում է, թե շատ գործատուներ պարզապես աշխատանքի են ընդունում սիրիահայերին, որպեսզի ազատվեն պարտադիր սոցիալական վճարներ կատարելուց:

Հայ Կաթողիկե եկեղեցու կացարանը, որտեղ այժմ 36 սիրիահայեր են ապրում Narek Aleksanyan

Սիրիահայերի հիմնական խնդիրներից մեկն էլ տեղական օրենքներին ծանոթ չլինելն է: Երբ հունվարի 28-ին Վահրամ Տեր-Օհանյանը գրանցվել է որպես անհատ ձեռնարկատեր, 5000 դրամի չափ ($10) արտոնագրային վճար է մուծել, սակայն մի քանի օր անց նույն պահանջով մեկ այլ գրություն է ստացել: Հետո պարզել է, որ եթե վճարումն աներ ոչ թե հունվարի վերջին օրերին, այլ մի քանի օր անց, հունվար ամսվա համար չէր վճարի: «Հոգ չէ, պզտիկ գումար է, ըրինք, վերջըցաւ, բայց գոնէ օտար ենք, մեզի թող ասեն, որ ասանկ բան մը կա»,- ասում է Վահրամը:

Իսկ Մարիա Բասմաճյանը մինչ այժմ չգիտի՝ իր 14-ամյա տղային՝ Ջորջին, քաղաքացիություն տալուց հետո բանակ կտանե՞ն, թե՞ ոչ: Նախքան Հայաստանի քաղաքացիություն ստանալն իրենց այդ մասին չեն տեղեկացրել, իրենք էլ կարծել են, թե ինչպես Սիրիայում, այստեղ էլ ընտանիքի միակ տղային բանակ չեն տանում: Երբ Մարիան հայտնել է իր այդ մտահոգության մասին, ասել են, թե նա իրենց սխալ է հասկացել:

Սիրիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում երկիրը լքած հայերի մյուս մեծ հոսքը եղել է դեպի հարևան արաբախոս երկիր՝ Լիբանան: Ժակ Գևորգյանը, որը նույնպես արագ սննդի գործ է սկսել մեկ ամիս առաջ, կարծում է, որ Լիբանանն էլ ապահով տեղ չէ: «Հոն ալ մէկ թելի մը վրա կեցած է: Որեւէ մէկ վայրկեան կրնայ բռնկիլ, հոն ալ պատերազմ ըլլա»,- ասում է Ժակը:

Ժակ Գևորգյանը Հալեպում շապիկների վրա պատկերներ էր տպում Narek Aleksanyan

Շատերը Սիրիայից կամ Հայաստան գալուց հետո մեկնել են Կանադա, Ավստրալիա, Շվեդիա և այլ երկրներ: Այժմ Սիրիայում բնակվում է 9-10 հազ. հայ: Ոմանք, հատկապես՝ մեծահասակները, չեն ցանկանում վերադառնալ: Հայաստան եկածների մեծ մասը Սիրիայում հարազատներ ունի: Ասում են, որ ցանկանում են նրանց էլ պատերազմի գոտուց դուրս տեսնել, բայց չեն կարող, քանի որ իրենք հազիվ են ապրուստի միջոց գտնում: «Վտանգաւոր է, բայց եթէ պիտի գան ու գործ չիկա այստեղ, ինչպէ՞ս պիտի ապրին: Գործը ամէնէ կարեւոր բանն է, որ մէկը կեանքը շարունակէ»,- ասում է Էլիզաբեթ Կիրակոսյանը:

Մինչ այժմ Սիրիայում մնալու պատճառներից մեկն էլ այն է, որ պատերազմի պայմաններում էլ այնտեղ գործ կա, և կյանքն ավելի էժան է, քան Հայաստանում: Բացի այդ՝ Հայաստան գալու դեպքում սիրիահայերը ստիպված կլինեն բնակվարձ տալ, որը, գաղտնիք չէ, բարձրացավ սիրիական կոնֆլիկտից հետո:

Սիլվա Բալաբանյանը այցելել է մորը՝ Պերճուհի Վասմաճյանին Կաթողիկե եկեղեցու կացարանում Hrant Galstyan

Եթե Սիրիայում կրկին խաղաղություն լինի (թեև զրուցակիցներիս մի մասը դրան չի հավատում), իրենք հավանաբար հետ կդառնան՝ իրենց տները վաճառելու համար: Ասում են՝ հետո այստեղ տուն կգնեն ու գոնե բնակվարձից կազատվեն: Այդ դեպքում գուցե իրագործվի մայրաքաղաքից 13 կմ հեռավորության վրա գտնվող Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» թաղամասի կառուցման ծրագիրը, որն իրականացվելու էր բարերարների ու սիրիահայերի միջոցներով:

Լենա Հալաճյանի խոսքով՝ շատ մեծ նշանակություն ունի, թե ի վերջո ում կպատկանի իշխանությունը Սիրիայում: Բացառում է, որ մեկը կվերադառնա, եթե իշխանության գան ծայրահեղականները: Եթե Բաշար ալ Ասադի կառավարությունը մնա, գուցե շատերը վերադառնան: Ուսուցչուհի Զվարթ Կազանչյանը, օրինակ, որը քրոջ և 98-ամյա մոր հետ ապրում է Կաթողիկե եկեղեցու կացարանում, այժմ խոհարարություն է սովորում, սակայն եթե գործ չգտնի, կվերադառնա Սիրիա. «Ուզենք-չուզենք պիտի դառնանք, որով փող կուզէ, որ հոս ապրինք չէ՞: Հոն գոնէ տուն մը ունինք»:

Լենա Շամլյանը «Հալէպի շուկայի» իր տաղավարում Narek Aleksanyan

Մինչ սիրիական հարցի լուծումը՝ հայաստանաբնակ ու սիրիաբնակ հայերը շարունակում են ապրել միասին: «Արդէն հոս սկսել ենք հիմնուել՝ առանց զգալու: Կամաց-կամաց մենք մեզի կհիմնենք-կոր ամէն ձևով»,- ասում է Լենա Շամլյանը՝ նշելով իր նկատած փոփոխություններից երկուսը՝ հայաստանցիները սկսել են վաղ պատրաստվել Ամանորին և ուշ փակել խանութները: «Մարդիկը ամէն բանով մեզի կուզեն-կոր օգտակար դառնալ, բայց իրենք ալ չեն կրնար, իրենք ալ չունին»,- նշում է Ներսես Արոյանը:

Արևելյան համեմունքների խանութի տեղացի այցելուներից մեկը՝ Արևհատ Էլոյանը, ասում է, որ սիրիահայ առևտրականներն «ավելի ազնիվ» են՝ պատճառաբանելով, որ «սովետով չեն անցել»: Խանութի տիրոջ՝ Պետրոս Քիրազյանի կարծիքով, այս տարբերակումը մեծագույն սխալներից է. «Տեղացին պիտի ըսէ, որ տեղացիները լա՞ւ չեն. ամէնամեծ սխալն է»: «Հալէպի շուկայի» տաղավարներից մեկի հայաստանցի վարձակալը՝ Սարգիս Քալանթարյանը, որին Վահրամ Տեր-Օհանյանն իր «թարգմանիչն» է անվանում, ասում է, որ սիրիահայ գործընկերներից կարելի է սովորել «ձգտումը՝ հասնել ամեն ինչի»:

Հարաբերությունները, սակայն, ոչ միշտ են հարթ, այլապես Վահրամ Տեր-Օհանյանը չէր հիշի իր բնակարանի դռան վրայի գրությունը՝ «հալեպահայ է»: «Շատ խնդիրներ կան, որ ժամանակը ինքը կլուծէ, դուք ինչքան ալ ուզէք արագ լուծում տալ, չի կարելի, սերունդը պիտի փոխուի»,- ասում է Լենա Հալաճյանը:

Որոշ խնդիրների մասին խոսելիս սիրիահայերը շեշտում են, որ դա ընդհանուր է Հայաստանում բնակվող միջին քաղաքացիների համար՝ ծնված լինեն Հայաստանում, թե Սիրիայում: «Ճիշտ ա՝ տարբեր կենցաղների մեջ ենք մեծացել, բայց երբ միասին ապրենք մի գավառում, իրար կհասկնանք: Դու ինձնից մի բան կքաղես, ես քեզնից մի բան կսովորեմ»,- ասում է 23-ամյա Մկրտիչ Քարայջյանը՝ հավելելով, որ շատ բան սովորեց Հայաստանում այն պահից, երբ ստիպված եղավ աշխատել: Ընկերը՝ Կարո Մատարյանը, եթե մի բան փոխելու լիներ Հայաստանում, պիտի ուզեր, որ «կառավարությունը փոխվի, ավելի խելացի լինի, ավելի զարգացած, կարդացած»:

Մկրտիչ Քարայջյանը աշխատում է որպես բարմեն Երևանի փաբերից մեկում Narek Aleksanyan

Մարիան այժմ արաբերենի դասերի է ուղարկում 14-ամյա որդուն՝ Ջորջին, որը Հայաստանի դպրոցներից մեկում մեկ տարի շարունակեց ուսումը սիրիական ծրագրով, իսկ հետո ստիպված եղավ առարկաները սովորել հայերեն, քանի որ «ասեցին Սիրիա չէ մնացել, դուք պետքություն չունեք արաբերենի»: Ջորջը պատրաստվում է ընդունվել դեղագործական քոլեջ: Շուտով քննություններ կհանձնի:

Մարիա Բասմաճյանը զավակների՝ Ջորջի և Նայայի հետ: Ամուսինը՝ Գրիգոր Տեր-Հովհաննիսյանը, տաքսի է վարում Narek Aleksanyan

Սիրիական ծրագրի դադարից հետո դեռևս գործում է արաբերենի դասընթացը՝ շաբաթական երկու ժամով, որին Մարիան ուղարկում է նաև դստերը՝ Նայային, որը դեռ 4 տարեկան է: «Ես կուզեմ իմ պզտիկներս արաբերէն ալ լաւ իմանան, ռուսերէնն ալ լավ իմանան, անգլերէնն ալ: Մենք կարող ա մինչեւ մեր կեանքի վերջ չկարողանանք դառնանք, բայց ես ուզում եմ պահեմ ծննդավայրս և ծննդավայրիս լեզուն, ես պէտք եմ զգում»,- ասում է Մարիան:


Published October 2015
first publication: 03.06.2015 (hetq.am)




   WRITE YOUR PERSPECTIVE     TRANSLATE THIS ARTICLE 



other perspectives on this topic